Տպել
07.10.2021
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման սկզբում Էդուարդ Աղաջանյանը ողջունել է դեսպանին` բարձր գնահատելով  հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ դրանց շարունակական զարգացումը, հատկապես դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը եւ վստահությունը:

Դեսպանը շնորհավորել է Էդուարդ Աղաջանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Զզրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, միջպետական, միջկառավարական եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Տվյալ համատեքստում Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին եւ եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին:  Ինչպես նաեւ ընդգծել է կողմերի միջեւ գերիների փոխանակմանը վերաբերող` «բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարեւորությունը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում զարգացող իրադարձություններն ընդգծելու են գալիս երկու պետությունների միջեւ բարեկամական փոխգործակցության կարեւորությունը:

Կողմերը քննարկել են համագործակցությունը եւ գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է երկու պետությունների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը ամենատարբեր ոլորտներում: 
 


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...