Տպել
25.11.2005
Բելգիական նախագահությունը կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց 2006 թ. ԵԱՀԿ բելգիական նախագահության հարցերով Բելգիայի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, սենատոր Պիեռ Շեւալյեին:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարոն Շեւալյեի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական եւ այլ բարեփոխումների գործընթացը եւ կարեւորեց ԵԱՀԿ-ի դերը Հայաստանում ու տարածաշրջանում տեղի ունեցող բարեփոխումներում` ընդգծելով, որ Բելգիայի նախագահության շրջանում լավ հնարավորություններ են ստեղծվում տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հարցերի լուծման համար. մասնավորապես Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցության վերականգնման, որը կնպաստի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը, ռեգիոնալ համագործակցության կայացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշվեց, որ լավ հնարավորություններ են ստեղծվել հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ Հայաստան-Բելգիա երկկողմանի հարաբերությունների առաջընթացը, քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս: