Տպել
22.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
1 / 4

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը եւ Տրդատ Սարգսյանը:

Նիստի օրակարգի առանցքում ԱՊՀ երկրներում երիտասարդների զբոսաշրջությանը վերաբերող հարցն էր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշին զբոսաշրջային կենտրոն դարձնելու տեսակետին, նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Պատգամավորը  շեշտել է, որ չափազանց մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի՝ հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, զբոսաշրջային ներուժը: Նա ԱՊՀ անդամ երկրների գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակին ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համակարգող ընտրելու հարցի քննարկմանը: Համակարգողն ընտրվում է մեկ տարի ժամկետով:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...