Տպել
01.11.2021
Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը
1 / 5

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը:

Ողջունելով դեսպանին՝ Աննա Մկրտչյանը կարեւորել է տարբեր բնագավառներում հայ-ֆիննական փոխշահավետ համագործակցության եւ խորհրդարանական կապերի  զարգացումը:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի խորհրդարանի բարեկամական խմբին՝ 1915-1917թթ. օսմանյան ջարդերի եւ բռնի տեղահանությունների զոհերի ու նրանց հարազատների հիշատակը ոգեկոչելու եւ հայերին ուժ հաղորդելու հայտարարությամբ 2021-ին հանդես գալու համար: Ըստ Աննա Մկրտչյանի՝ դա կարեւոր քայլ է Ֆինլանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցում:

Դեսպանի գնահատմամբ՝ երկկողմ խորհրդարանական կապերը ակտիվ չեն, եւ նմանատիպ հանդիպումները նպաստում են դրանց աշխուժացմանը: Կիրստի Նարինենը համաձայնել է, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ, եւ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:

Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տեսանկյունից:

Պատգամավորը խոսել է ներքաղաքական եւ հետպատերազմյան իրավիճակի մասին: Աննա Մկրտչյանն ընդգծել է, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայ օրենսդիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց նկատմամբ  անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, անթույլատրելի համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմության գործունեությանը, քննարկվել են օրենսդրական աշխատանքում ընդդիմության բնականոն աշխատանքի խոչընդոտների վերացման հնարավորությունները: