Տպել
02.11.2021
Ներկայացվել են 2022թ. պետական բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արդյունաբերության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի, կադաստրի, քաղաքաշինության եւ ջրային տնտեսության ոլորտների եկամուտների եւ ծախսերի ցուցանիշները:

Նախագծով Էկոնոմիկայի նախարարության համար նախատեսված են 41 մլրդ դրամ 8 մլն դրամ ծախսեր: Ներկայացված է 56 միջոցառում ընդգրկող 13 ծրագիր:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը  նախատեսված են 278 մլրդ 597 մլն դրամի չափով ծախսեր, 129 միջոցառումներ ընդգրկող 22 ծրագրեր:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրվելու է 17 մլրդ 278 մլն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բյուջեի նախագծով նախատեսված երկու միջոցառումներ եւ մեկ ծրագիր իրականացնելու համար հատկացվելու է 859,9 մլն դրամ:

Կադաստրի կոմիտեին նախատեսված է 4 մլրդ 997 մլն դրամ՝ 7 միջոցառում ընդգրկող մեկ ծրագիր իրականացնելու նպատակով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականին իրականացնելու է մեկ ծրագիր մեկ միջոցառմամբ՝ 544,3 մլն դրամ ֆինանսավորման ծավալով:

Քաղաքաշինության կոմիտեին ուղղված ֆինանսավորման ծավալը 1 մլրդ 585 մլն դրամ է՝ 5 միջոցառումներ ընդգրկող 1 ծրագիր իրականացնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացնելու է 1 ծրագիր 11 միջոցառումներով. բյուջեի նախագծով նախատեսվել է 33 մլրդ 802 մլն դրամ:

15 միջոցառումներից բաղկացած 4 ծրագիրն իրականացնելու համար Ֆինանսների նախարարությանը տրամադրվելու է 218,4 մլրդ դրամ: