Տպել
02.11.2021
Անդրադարձ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը
1 / 3

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. բյուջետային հայտով նախատեսված է հատկացնել 544 մլն 269 հազար դրամ: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Հանձնաժողովը տարեկան պարենային եւ ոչ պարենային ապրանքների 5 շուկաներ է ուսումնասիրում, որոնց նպատակը տվյալ շուկաներում մրցակցային իրավիճակի կարգավորումն է: Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ հանձնաժողովն արդյունավետ իրականացնում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Անդրադառնալով բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ հանձնաժողովի նախագահը խնդիրը հիմնականում պայմանավորել է բենզինի՝ մեկ աղբյուրից ձեռքբերմամբ: Գեղամ Գեւորգյանն այս հարցում ձեռնպահ է մնացել վերջնական դիրքորոշում հայտնելուց, քանի որ այս պահին ուսումնասիրություն է  կատարվում: Տեղեկացվել է, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է նավթամթերքի եւ գազի մեկ միասնական շուկայի ստեղծման քաղաքականությունը: Հանձնաժողովը բարձրացրել է լոգիստիկ, միասնական գնի սահմանմանը վերաբերող խնդիրներ:

«Նոր բրենդի ներմուծման մասով ունենք վերապահում: Մանրածախ մարժաների քանակի նվազեցումը խնդիրները չի լուծելու, գործուն այլ քայլեր են իրականացվում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ ՄՊՀ նախագահը նշել է, որ 2017-2018 թթ. հակամրցակցային համաձայնություններ չեն եղել կամ չեն բացահայտվել, 2019-ին եղել է 2  դեպք, 2020-ին՝ 4 դեպք, 2021-ին՝ 1 դեպք: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը 2017 թվականին 5-ն են եղել, 2018-ին՝ 3-ը, 2019-ին եւ 2020-ին՝ 20-ը, 2021-ին արդեն 10 դեպք ամփոփված է: 2017 թվականին անբարեխիղճ մրցակցության 55 դեպք է գրանցվել, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57, 2020-ին՝ 70, 2021-ին՝ 64: 2017-ին պետական մարմինների դեմ 18 հակամրցակցային գործողություններ են եղել, 2018-ին չեն եղել, 2019-ին եւ 2020-ին համապատասխանաբար 6 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 4 դեպք: