Տպել
03.11.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2022-ի բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի  ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահագն Հովակիմյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

Վահան Նարիբեկյանի խոսքով՝ «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5 միջոցառում:

2022թ. պետական բյուջեի նախագծով 5 ծախսային միջոցառումներով ԱԺ-ին կհատկացվի 5 մլրդ 992 մլն 324 հազար դրամ, որը մոտ 9,3 %-ով պակաս է ներկայացված բյուջետային հայտից:

«ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 5 մլրդ 488 մլն 300 հազար դրամ կամ բյուջետային հայտի 91,6 %-ը: 2021թ. ճշտված բյուջեի նկատմամբ 2022թ. բյուջետային հայտն ավելացել է 378 մլն դրամով կամ 7,4%-ով` պայմանավորված խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման շրջանակում իրականացվող փոխայցերի քանակի, պատգամավորական վճարների ավելացմամբ:

Ըստ Վահան Նարիբեկյանի՝ «ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառմանը կուղղվի 1 մլն 260 հազար դրամ:

Տարադրամի փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված՝ 10,3 %-ով նվազել են «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառմանն ուղղվող հատկացումները. այն կկազմի 179 մլն 200 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը, անդրադառնալով խորհրդարանի մարմինների եւ աշխատակազմի տեխնիկական վերազինման անհրաժեշտությանը, նշել է, որ «ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմանը նախատեսվում է հատկացնել 72 մլն 900 հազար դրամ:

Վահան Նարիբեկյանը նշել է, որ 2022թ. բյուջեի նախագծով ՀՀ Ազգային ժողովին վերապահվել է նոր՝ «Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» ծախսային միջոցառման իրականացում՝ շուրջ 250 մլն 684 հազար դրամի չափով: Մինչ այս միջոցառումն իրականացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: