Տպել
04.11.2021
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
1 / 11

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են   ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մարդկանց իրավունքներին՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով  տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Առավել հստակ՝ 38 154 քաղաքացի տուն չունի ընդհանրապես: Նրանցից 15 հազարն ապրում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի այլ շրջաններում,  սակայն  մեծ մասը՝ վարձով: Գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը, որոնք մշակում էին գյուղացիները, նույնպես մնացել է ադրբեջանական հսկողության տակ: Նույն իրավիճակն է նաեւ ջրագծերի մասով: Պատերազմի հետեւանքով  հայկական կողմը կորցրել է 2000 հուշարձան, որոնք այժմ վտանգված են. Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում է դրանք: Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջաններում են մնացել նաեւ 127 դպրոցական գրադարաններ: Արցախից զատ՝ պատերազմից տուժել են նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները. ադրբեջանցիները  նրանցից պարբերաբար գողանում են ընտանի կենդանիներին, հրդեհում խոտհարքերը:

Հանդիպման ժամանակ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած այն միջադեպի մասին, երբ պատգամավորին բռնությամբ դուրս են հանել դահլիճից կարծիք արտահայտելու համար:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել  է նաեւ ԶԼՄ-ներին առնչվող  մի շարք օրենսդրական փոփոխությունների: Նրա դիտարկմամբ՝ համացանցում ապատեղեկատվության  եւ ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, սակայն այնպես, որ չտուժեն  բարեխիղճ լրատվամիջոցները:  Սահմանափակվել են նաեւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժն ու նրանց իրավունքները, ասել է հանձնաժողովի նախագահը:  Թագուհի Թովմասյանը մասնավորապես նշել է, որ վերջերս լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ այնտեղ, որտեղ նրանք մասնագիտական գործունեություն էին իրականացնում: Լրագրողների տեղաշարժի սահմանափակումների առնչությամբ  համազեկուցողները պարզաբանել են, որ նման սահմանափակումներ կան նաեւ իրենց երկրներում. «Կան քննարկումներ, որոնք պետք է փակ լինեն»,-  մասնավորապես ասել է Կիմո Կիլյունենը:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են հետպատերազմյան  իրավիճակին, բարձրաձայնել  ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց  հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Պատգամավորները կարեւորել են այս հարցում միջազգային կառույցների աջակցությունը: Նշվել է, որ հստակ տեղեկություններ չկան, թե որքան է  ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թիվը: Համազեկուցող Բորիանա Աբերգն ընդգծել է, որ  իրենց համար եւս չափազանց կարեւոր է ռազմագերիների խնդիրը, եւ իրենք յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի լուծվի  նրանց վերադարձի հարցը: