Տպել
08.11.2021
Բյուջետային քննարկումներում ներկայացվել են ԿԳՄՍ նախարարության ծախսային ծրագրերը
1 / 5

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել գալիք տարվա բյուջետային հատկացումները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մանրամասնել է բյուջետային փաստաթղթով նախատեսված ֆինանսական հայտը: Նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 48,7 մլրդ դրամով:

Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակում է մնալ Կառավարության գերակայությունների շարքում: Այս ոլորտին կուղղվի 175 մլրդ դրամ, ինչը շուրջ 23,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջետային հատկացումից: Հատկացումները կուղղվեն 10 ծրագրերի իրականացմանը:

Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի գծով աճը կազմել է 15,2 տոկոս, հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 մլրդ դրամ:

Առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնման նպատակով ավելի քան 3 մլրդ դրամ է  նախատեսվել մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար:

Արտադպրոցական դաստիարակության ծրագրերի գծով ծախսերի աճը կազմում է 525 մլն դրամ: Նախատեսվում է 3200 դպրոցականների ամառային հանգստի, հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կազմակերպում: Նախատեսվել է դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգում:

Կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսվել է ծախսերի աճ: Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում՝ 2021 թ. 1100-ի դիմաց:

Զգալի ներդրումներ են նախատեսվում մարզական օբյեկտների շինարարության եւ գույքով ապահովման ուղղությամբ: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն:

Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22,5 մլրդ դրամ՝ 65,6 տոկոսով ավելի նախորդ տարվանից:

Մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5  մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Նախատեսվում է 6 ֆիլմի ստեղծում: Մարզերի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով եւս միջոցներ կտրամադրվեն:

Սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը եւ առողջ ապրելակերպի մասսայականացումը:

Ամփոփելով՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության գծով բյուջեի ավելացումները հիմնականում կուղղվեն կապիտալ ծախսերին՝ շուրջ 30 մլրդ դրամ եւ գիտության զարգացմանը՝ շուրջ 10 մլրդ դրամ: 

Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են կինոծրագրերի իրագործմանը, մարզերի դպրոցների հիմնանորոգմանը, մոդուլային մանկապարտեզների շենքային ապահովման հայեցակարգին, միջազգային փառատոններին մեր երկրի ներկայացվածության կարեւորությանը, հայագիտության զարգացման ծրագրերին եւ ոլորտային այլ ուղղություններում հատկացումների բաշխվածությանը:  
 


19.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվի...