Տպել
08.11.2021
Քննարկվել է Հանրային հեռարձակողների խորհրդի 2022 թ. ֆինանսավորման հայտը
1 / 4

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է  Հանրային հեռարձակողների խորհրդի 2022 թ. ֆինանսավորման հայտի նախագիծը եւ արված փոփոխությունները: Իրականացվում է մեկ ծրագիր՝ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների հեռարձակում, որը բաղկացած է 5 միջոցառումից:

Ծրագրի նպատակն է Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս ստեղծել եւ տարածել շուրջօրյա բազմազան տեղեկատվական, ճանաչողական, ժամանցային, կրթական հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ: Հանրային հեռարձակողներն արտադրում եւ սփռում են 4 հեռուստատեսային եւ 4 ռադիոծրագիր:

Արա Շիրինյանը մանրամասնել է Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդումների բովանդակությունն ու բնույթը:

2022թ. բյուջեի նախագծով առանց կառավարման ապարատի ծախսերի նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 465 մլն դրամ: 2021 թ. համեմատ ծախսերն աճել են 256 մլն դրամով: 212 մլն դրամի աճը պայմանավորված է Հանրային հեռուստաընկերության մայրաքաղաքային սփռման 24-ժամյա լրատվական նոր հեռուստաալիքի գործարկմամբ: 35,4 մլն դրամի աճը պայմանավորված է միջազգային կազմակերպություններին անդամակցության միջոցառման ծախսերի վերաբաշխմամբ:

Զեկուցողը նշել է, որ 2022 թ. Հանրային հեռուստաընկերության բյուջետային հատկացումներն աճել են ընդամենը 4 տոկոսով: Ըստ նրա՝ հատկացումները թույլ կտան ապահովել թե՛ Առաջին ալիքի, թե՛ 24-ժամյա լրատվական ալիքի ընթացիկ գործունեությունը:

2022 թ. նախատեսվում է սկսել Հանրային հեռուստաընկերության թվային տեխնիկական վերազինման եռամյա կապիտալ ծրագիրը: Առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում նախատեսվում է վերազինել Առաջին ալիքի տեխնիկական պարկը: Արա Շիրինյանի խոսքով՝ տարիներ շարունակ մասնակի տեխնիկական ներդրումներ են կատարվել, ինչն այժմ չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին:

«2022 թ. տեխնիկական վերազինման համար նախատեսվում է  ներգրավել մինչեւ 1 մլրդ 700 մլն դրամի վարկային միջոցներ շուկայում գործող բարենպաստ պայմաններով, ինչպես նաեւ օգտագործել առեւտրային գովազդի ու այլ եկամուտներից կանխատեսվող ֆինանսական ներհոսքը»,-ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը:

Նիստին մասնակցել եւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին արձագանքել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Հարցերն առնչվել են ընտրությունների նախաշեմին Հանրայինի կողմից ավագանու թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվելիք բանավեճի ֆինանսավորմանը, մարզական, մշակութային եւ կրթական հաղորդումների ձեւաչափերին եւ այլն: