Տպել
09.11.2021
Շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը խորհրդարանում
1 / 14

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի  ներկայացուցիչներ:

Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք ու վերածվել  Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: «Սրանով մենք ուղերձ ենք հղում, թե ով ենք մենք որպես ժողովուրդ, եւ ովքեր են ադրբեջանցիները, որոնք շարունակում են պատերազմից հետո ոչնչացնել մեր պատմամշակութային կոթողները: Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- ասել է  Թագուհի Թովմասյանը:

Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել: