Տպել
09.11.2021
Բարձրագույն կրթության ոլորտում կընդլայնվի միջազգային համագործակցությունը
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական եւ հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ:

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունն (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի զարգացման օրակարգում: Մեր երկիրը միացել է կազմակերպության մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին եւ ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը: Հայաստանը պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերված որակավորումները եւ համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված  ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում գործող բարձրագույն կրթության համակարգին: Բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների միջազգային ճանաչումը կդյուրացնի փոխկապակցված ուսուցումը, ինչպես նաեւ կընդլայնվի բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը:

Հանձնաժողովը նախագիծին տվել է դրական եզրակացություն: