Տպել
10.11.2021
Արմեն Գեւորգյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք պետք է շարունակաբար զարգացնել եւ ամրապնդել: Պատգամավորն ընդգծել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ նշելով, որ կանի հնարավորն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ հանձնաժողովի նախագահը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը՝ խնդրի կարգավորման առումով արժեւորելով բարեկամ պետությունների հստակ ազդակներն Ադրբեջանին: Բարձր գնահատելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ ընդդիմադիր պատգամավորն անիմաստ է համարել այս պահին խաղաղության մասին խոսելը, երբ Ադրբեջանում գերեվարված են մեր հայրենակիցները:

Նշվել է, որ Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն ունի փոխգործակցության եւ համատեղ աշխատանքի նպաստավոր փորձ: Կարեւորվել է հանձնաժողովի աշխատանքի աշխուժացումը:

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի, տարբեր ոլորտներում գործակցության զարգացումը: Արմեն Գեւորգյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի սահմանին փախստականների հոսքով պայմանավորված իրավիճակի մասին:

Զրուցակիցները խոսել են ԵԱՏՄ շրջանակում հայ-բելառուսական համագործակցության մասին: Փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումն ու նշվել, որ այս ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ: