Տպել
10.11.2021
Առաջարկվում է ստեղծել սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ
1 / 3

Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ դա պայմանավորված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրի այն պահանջով, ըստ որի սահմանվել է ստեղծել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով: Նրանք չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:

Հիմնական զեկուցողն առաջարկել է օրենքի նախագծի քննարկման համար սահմանել հատուկ՝ 24 ժամվա ընթացակարգ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, անդրադառնալով պատգամավորների՝ հանձնակատարների հասարակական հիմունքներով աշխատելու մտահոգությանը, նշել է, որ  գաղափարն ու անհրաժեշտությունը ծնվել են Սփյուռքում:

Հարակից զեկուցմամբ Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ինստիտուտի հիմնումը բյուջետային ծախսեր չի ենթադրում եւ առաջարկել է օրենքի նախագծին տալ դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: