Տպել
17.11.2021
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած  ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի հերթական ագրեսիան մեր երկրի նկատմամբ համապատասխանում է ՄԱԿ-ի 1974 թվականի «Ագրեսիա» հանցագործության սահմանմանը: «Մենք պետք է լինենք տոկուն եւ պաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունն ու ամեն գնով բարձրացնենք երկրի պաշտպանունակությունը»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը:

«Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել Հանրապետության նախագահին եւ ՀՀ վարչապետին ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Վարչապետի համաձայնությամբ՝ փոխվարչապետները եւ նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ սփյուռքի գործերի հանձնակատարներ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր եւ բանավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: