Տպել
17.11.2021
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
1 / 2

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն սկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովներում շահագրգիռ կերպով քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու համար:

Նշվել է, որ բյուջեի նախագիծը ձեւավորվել է՝ հիմքում ունենալով  Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված՝ անվտանգությանը, տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունները: Գալիք տարում առաջնային թիրախ է սահմանվել անվտանգության հարցերի, կրթական համակարգերի, ներառական ու որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը:

Նախարարն ընդգծել է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն համավարակի եւ պատերազմի հետեւանքները: Նման բարդ իրավիճակում, սակայն,  գործադրին հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող էին խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը: Թեեւ 2020 թվականին արձանագրվել է 7,4 տոկոս տնտեսական անկում եւ մոտ 80 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում, այնուամենայնիվ Կառավարությանը հաջողվել է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ գնալով դեֆիցիտի ավելի մեծ չափով ֆինանսավորման,  քան նախատեսված էր:

Արդյունքում՝ 2020 թվականին Կառավարությանը հաջողվել է պահպանել  մակրոտնտեսական կայունությունը, իսկ առաջին կիսամյակում արձանագրել նաեւ  մոտ 5 տոկոս տնտեսության վերականգնման բարձր տեմպ:

Նախարարը հույս է հայտնել, որ տնտեսության վերականգնումը  կշարունակվի նաեւ ընթացիկ տարվա վերջին ամիսներին,  ինչն էլ   հուսալի հիմք կդառնա 2022 թվականին նախատեսվող  տնտեսական աճի համար:

Ակնկալվում է, որ 2022 թվականին տնտեսական աճին կնպաստեն ծառայությունները, շինարարությունն ու արդյունաբերությունը:

Պետական բյուջեի ծախսերը գալիք տարում կկազմեն 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականին սպասվող  ծախսերից ավելի է 204 մլրդ դրամով կամ 10,3 տոկոսով: Կապիտալ ծախսերի համար կհատկացվի 357 մլրդ դրամ, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը եւ ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 60 տոկոսով:

Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի հատկացումների նկատմամբ ավելի է 289 մլրդ դրամով կամ 17,5 տոկոսով: Եկամուտների գերակշիռը մասը կկազմեն հարկային եկամուտները:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 243 մլրդ դրամ: