Տպել
17.11.2021
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանը
1 / 6

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նոյեմբերի 17-ին ԱԺ հերթական նիստում ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Թվեր չհնչեցնելով՝ նա հայտնել  է, որ գալիք տարվա բյուջեում  ավելացել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտների համար նախատեսված ծախսերը:  Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք  համահունչ են Կառավարության ծրագրի այն  փիլիսոփայությանը, ըստ  որի՝ պետք է դնել այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալու հատկապես պաշտպանական գերատեսչությանը՝  մոտենալ պրոֆեսիոնալ բանակ ունենալու գաղափարին: Այդ նպատակին հասնելու  համար նախատեսված է որոշակի հատկացումներ կատարել սպառազինության, կրթության, կառուցվածքային փոփոխությունների ծախսերի համար: Կարեւորելով Կառավարության ծրագրի իրականացումը՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է. «Պետք է անխափան եւ  սրբորեն իրականացնել այն՝ առանց ծախսերը փոշիացնելու»:

Հանձնաժողովի նախագահը նաեւ նկատել է, որ ընթացիկ տարում ավելացել են ոլորտային ծախսերը՝ պայմանավորված սահմանային դիրքերի ավելացմամբ:

«Այս պահի դրությամբ հանրապետության սահմանների արեւելյան հատվածում  իրավիճակը հանգիստ է»,- նշել է հանձնաժողովի նախագահը: 

Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին հորդորել  է կողմ  քվեարկել բյուջեի նախագծին: