Տպել
19.11.2021
Հրատապ է անհետ կորած կամ գերեվարված անձանց հայրենադարձելը. Տիգրան Աբրահամյան
1 / 2

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին նոյեմբերի 19-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էին Տիգրան Աբրահամյանը եւ Հայկ Մամիջանյանը:

 Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի ԶՈՒ սադրանքին՝ հրատապ համարելով գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու հարցը: «Ակնհայտ է, որ նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր ունենք բավական խնդրահարույց իրավիճակ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ պատճառներով կամ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը, որպես Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի այդ մարդկանց հրատապ կերպով հայրենադարձելը: Դրանից հետո, թե ի՞նչ ընթացակարգեր կլինեն, դրանք օրենքով սահմանված են եւ ցանկացած իրավիճակում համապատասխան մարմիններն իրականացնում են»,-ասել է նա: Այս համատեքստում պատգամավորը խիստ մտահոգիչ է  համարել ադրբեջանական տարբեր տելեգրամյան ալիքներում հրապարակվող  տեսանյութերը, որոնցում գերիները ենթարկվում են բռնությունների եւ խոշտանգումների: