ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հայտնել է, որ օրինագիծը լրամշակվել է: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:
Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք հեղինակները չեն ընդունել:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը՝ ընդգծելով, որ փաթեթը չի սահմանափակում խոսքի ազատությունը: Այն ոչ միայն չի վտանգելու զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, այլ նույնիսկ աջակցելու է, որպեսզի նրանք, ավելի հավաստի աղբյուրների վրա հենվելով, իրականացնեն իրենց գործունեությունը. ասել է նախարարը:
Փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: