Տպել
10.12.2021
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող կարգավորումներն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը
1 / 3

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով եւ չափանիշներով: Դրան զուգահեռ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Միասնական սոցիալական ծառայությունը կիրականացնի բժշկասոցիալական ծառայություն, աջակցող միջոցների տրամադրումը կդառնա առավել հասցեական:

Պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը եւ Ելենա Կիրակոսյանը կարեւորել են առաջարկվող կարգավորումների լիարժեք իրականացումը սահմանված ժամկետում: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ողջամիտ ժամկետ է տրված բարեփոխումների համար եւ 2023-ին նոր կարգը կգործարկվի:

Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 քաղաքացու իրացնել իրենց իրավունքը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: