Տպել
10.12.2021
Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը
1 / 7

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության  նախագիծը:

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելու դրդապատճառներն ու հիմք հանդիսացած խնդիրները: «Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն իր պարտավորվածությունները չի կատարում եւ դեռ ավելին` հայ-ադրբեջանական սահմանին իրականացնում է սադրանքներ, որոնք խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ գնալ սահմանազատման եւ սահմանագծման` հարվածի տակ դնելով Արցախի ճակատագիրը` անընդունելի ենք համարում»,- մասնավորապես նշել է նա` հավելելով, որ խմբակցությունը դեմ չէ սահմանագծմանն ու  սահմանազատմանը, սակայն դրա համար պայմաններ են պետք: Նա նաեւ ընդգծել է, որ, մասնավորապես, հայտարարությամբ խմբակցությունը դատապարտում է  թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններն ու իրենց պարտավորվածությունները չկատարելը:

Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանի խոսքով`  քննարկվող նախագիծը խմբակցությունը չի լրամշակել,  եւ այսօր էլ դրանում առկա են անընդունելի  դրույթներ: Պատգամավորի գնահատմամբ`  նախագիծն առավելապես ներքաղաքական է, եւ այն  որեւէ կերպ չի նպաստելու ՀՀ Կառավարության դիրքերի ուժեղացմանը բանակցային գործընթացում: Նա գործընկերներին առաջարկել է հավանություն չտալ հայտարարության նախագծին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել: