Տպել
13.12.2021
Թագուհի Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցից
1 / 1

Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, եղել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում եւ արձանագրել մի շարք մտահոգիչ փաստեր: Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում վտանգված են Հայաստանի քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության՝ կենսական նշանակության իրավունքները: «Այլընտրանքային ճանապարհը բոլոր հատվածներից  գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում եւ անանցանելի է»,-ասել է պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը հատկապես մտահոգիչ է համարել Շուռնուխ եւ Որոտան համայնքների վիճակը՝ նշելով, որ ուսուցիչները ստիպված են Ուրալ մեքենաներով օրվա մեջ 1-2 անգամ գնալ դպրոց:

«Դժվար է պատկերացնել, թե ձյան առատ տեղումների հետեւանքով  այդ ճանապարհը կգործի՞, թե՞ ոչ»,-ասել է նա: Թագուհի Թովմասյանն անհրաժեշտ է համարել ադրբեջանական զինուժի հեռացումը  բնակավայրերից, քանի որ շատերի տներից պարզ երեւում են դրանք: «ՀՀ իշխանությունը պարտավոր է ամեն հնարավոր քայլ իրականացնել՝ անվտանգային միջավայրը եւ անվտանգության գոտին ապահովելու համար»,-շեշտել է պատգամավորը՝ հավելելով, որ Շուռնուխում չկա նաեւ բուժկետ, եւ եղանակը ցրտելու հետ մարդկանց համար դժվարանալու է հասնել Գորիս, որպեսզի բժշկական օգնություն ստանան: