Տպել
18.01.2022
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
1 / 36

Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական  նախաձեռնությունները:  

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա նշել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել եւ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ, կառույցի աուդիտի կոմիտեի անդամ է:

Հովհաննես Խաչատրյանը  շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` մասնագիտական քննարկման եւ իր թեկնածությանը հավանություն տալու համար: Թեկնածուն առաջնահերթ է համարել ԿԲ թվային արժույթի թողարկումը: Հովհաննես Խաչատրյանի կարծիքով`  սպառողների շահերի պաշտպանության առանցքում պետք է լինի պատասխանատու վարկավորումը, ինչպես նաեւ սպառողների շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու տեխնոլոգիական հմտությունների ավելացումը: «Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը, մասնավորապես զարգացող երկրների շրջանում»,- ընդգծել է թեկնածուն:

Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա խոսել է սոցիալական խնդիրներից, մասնավորապես առաջանցիկ գնաճից: Ըստ բանախոսի` ԿԲ-ի սահմանադրական գործառույթներից է գնաճի կարգավորումը:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին`  կապված Կենտրոնական բանկի անկախությանը, տարբեր իրադարձությունների տնտեսական հետեւանքների հաղթահարմանը, գնաճին, սպառողական վարկերի մասով ծանրաբեռնվածությանը, վարկային պորտֆելների աճին:

Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 19-ի ԱԺ նիստում:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...