Տպել
27.01.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ
1 / 8

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անդրադառնալու նրանց հետաքրքրող հարցադրումներին: Հանձնաժողովի նախագահը խոսել է ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել Ռուսաստանին, ապա Ադրբեջանին հայկական կողմից արված առաջարկների փաթեթի վերաբերյալ հարցին:

«Այն առաջարկները, որոնք ներկայացվել են մեր գործընկերներին, ամենեւին նախապայմաններ չեն: Մենք բազմիցս նշել ենք, որպեսզի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրականացնել, անհրաժեշտ է ապահովել նվազագույն անվտանգային պայմաններ»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ առաջարկն ուղղված էր նշված երաշխիքների ապահովմանը:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակիցը փոխլրացնող հարց է տվել՝ նշելով, որ Բաքուն մերժում է առաջարկների փաթեթը, որի հիմքում զորքերի հայելային հետքաշման պահանջն է: «Կարելի՞ է ենթադրել, որ հայելային հետքաշման պահանջը որպես առաջարկ այլեւս չի քննարկվում երկու կողմից էլ»,-հետաքրքրվել է նա:

Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ՝ նման ենթադրություն եւ հետեւություն անել չի կարելի, ՀՀ-ն այս առաջարկից որեւէ պարագայում չի հրաժարվում եւ լավագույն տարբերակն առաջին քայլ կամ նախադրյալ նման գործընթաց սկսելու՝ հայելային հետքաշումն է:

Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, հայ-ռուսական հարաբերություններին:

«Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը, դրա ուղղությունները եւ բալանսավորումը պայմանավորում է առաջին հերթին եւ միայն ՀՀ շահերով: ՌԴ ՀՀ ռազմավարական գործընկերն է»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը եւ հավելել, որ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո ՀՀ անվտանգային ճարտարապետության հարցում Ռուսաստանն ունի առանցքային կարեւորություն:

«Առավոտ» օրաթերթի  լրագրողի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ՀՀ բոլոր իշխանությունները կողմնակից են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Լրագրողը նաեւ հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առցանց ասուլիսում հայտնած այն տեղեկությամբ, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններին: Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչ է ներառվելու այդ պայմանագրում:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը  տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ իր դրական վերաբերմունքի մասին մշտապես հայտարարել է, որի վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրն է: Ըստ նրա՝ այն երկար եւ համապարփակ քննարկման արդյունքում, երկկողմանիորեն ընդունելի տրամաբանությամբ պետք է հրապարակվի եւ հասանելի լինի Հայաստանի ու Ադրբեջանի հանրություններին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...