Տպել
09.02.2022
Հստակեցվել է ուսուցիչների հերթական եւ կամավոր ատեստավորումների գործընթացը
1 / 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկման երկար փուլ է անցել, եղել են ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անցկացվել են խորհրդարանական լսումներ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել եւ հստակեցվել են:

Օրինագծով նախատեսվում է իրականացնել մի շարք սկզբունքային փոփոխություններ հանրակրթության ոլորտում: Մասնավորապես, հստակեցվել է ուսուցիչների հերթական եւ կամավոր ատեստավորումների գործընթացը: Հստակեցվել են նաեւ տնօրենին անվստահություն հայտնելու դեպքերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: