Տպել
11.02.2022
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների հետ
1 / 7

Փետրվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների չորրորդ կուրսի ուսանողների հետ, որոնք իրենց ճանաչողական պրակտիկան են անցկացնում Ազգային ժողովում:

Բաբկեն Թունյանը կարեւորել է նման հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են հենց խորհրդարանականներին: Նրա խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է շփվելու այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ապագայում կառավարելու են երկիրը:

Պատգամավորն ապագա դիվանագետներին ու լեզվաբաններին ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքը, մանրամասնել օրինագծերի քննարկման ընթացակարգը:

Հանձնաժողովի փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հետքաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ: Հարցերի առանցքում հայ-թուրքական հարաբերություններն էին, մասնավորապես՝ սահմանի հնարավոր բացման դրական ու բացասական կողմերը: Ուսանողներն անդրադարձել են նաեւ ռազմարդունաբերությանը, գնաճին, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձին վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին ուսանողները հավաստիացրել են՝ հանդիպումն  ընթացել է  անկաշկանդ մթնոլորտում, եւ  իրենք ստացել են հուզող բոլոր հարցերի պատասխանները: