Տպել
24.02.2022
Կառուցապատողներին հնարավորություն կտրվի բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ին հրավիրած նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, բովանդակային որեւէ փոփոխություն չի եղել:

Նախաձեռնության  հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ: Օրինագծով փոփոխվում է հարկային մարմնի կողմից իրականացվող թեմատիկ ստուգման անվանումը, որը չի համապատասխանում այն գործունեության տեսակին կամ հարկատեսակին, որով այդ գործունեությունն իրականացվում է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ` օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից բխող` առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը: