Տպել
24.02.2022
Ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամներին
1 / 6

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:

Կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդը հետաքրքրվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի եւ ավանդույթների պահպանության հարցերով:

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ իրենց համայնքում առկա են լեզվի պահպանման որոշակի խնդիրներ: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենց համայնքն ունի նաեւ ուսուցիչների պակաս, բարձրագույն կրթության խնդիրը եւս առկա է: Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ եզդիները Հայաստանում հայերի հետ ունեն ջերմ բարեկամական հարաբերություններ, այստեղ ապրում են ավելի քան 200 տարի, երբեւէ հայ ժողովրդի կողմից չեն հալածվել:

Ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հայտնել է, որ Հայաստանում լեզվի պահպանման խնդիր իր համայնքում չկա: Նրա խոսքով՝ ռուսերենը մեր երկրում բավականին բարձր մակարդակի վրա է, լեզվին տիրապետում են ոչ միայն իրենց ազգի ներկայացուցիչները, այլեւ՝ հայերը: ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ ինքն Ազգային ժողովում բարձրաձայնում է նաեւ ռուսալեզու այլ ազգային փոքրամասնությունների խնդիրները:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի ընդունման անհրաժեշտության, Ազգային ժողովում առանձին հանձնաժողով ունենալու հարցերը: