Տպել
01.03.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առցանց ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործելու հնարավորություն կստանա
1 / 20

Ազգային ժողովը մարտի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը: Օրենսդրական փոփոխությամբ հանձնաժողովը պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տվյալներից կկարողանա օգտվել առանց տնտեսվարողի հետ շփվելու: Չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնացումների դեպքում առաջարկվում է սահմանել արագացված վարույթի կիրառման առանձնահատուկ պայմաններ: Նախատեսվում է եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, օրենսդրական բազայի բարելավում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Ծովինար Վարդանյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են բենզինի ու դիզվառելիքի շուկայում գների բարձրացմանը, հավկիթի շուկայում գների տատանումների ունեցած բացասական հետեւանքներին, COVID-19-ի համար տարբեր լաբորատորիաներում իրականացվող ՊՇՌ թեստերի գնային տարբերություններին:

Գեղամ Գեւորգյանը վստահեցրել է, որ պատրաստ են բոլոր խնդիրները քննարկել օրենսդիրների հետ: