Տպել
06.02.2006
Սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը

Փետրվարի 6-ին երրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի բացումն սկսվեց ՀՀ պետական հիմնով, այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք ԱԺ պատգամավորներն ընդունեցին քվեարկությամբ:

Ազգային ժողովի պատգամավորները վերահաստատեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, քվեարկությամբ ընդունեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկությունը` մարդու իրավունքների նոր պաշտպանի գործունեության ծրագիրը  քննարկելիս հրավիրել նաեւ ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին` լսելու նախորդ տարվա գործունեության տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը մերժեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունը` օրակարգում ընդգրկված մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հետ կապված քննարկումները ՀՀ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու մասին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

«Ազգային միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ներկայացրեց իրենց խմբակցության թեկնածուին` Ռուբեն Թորոսյանին, իսկ Արմեն Հարությունյանի թեկնածությունը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Այնուհետեւ թեկնածուները իրենց տեսակետները հայտնեցին մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության, կատարվելիք աշխատանքների մասին եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումները կշարունակվեն փետրվարի 7-ի` Ազգային ժողովի նիստում: