ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մարտի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր եւ խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություններ եւ չէին ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:
ԱԺ պատգամավորը հատկապես կարեւորել է խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի: Բանախոսը նշել է, որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ, թանկանում են հատկապես պարենային ապրանքները: Ըստ բանախոսի՝ քաղաքակիրթ աշխարհում գործում են գնաճի ինդեքսավորման համապատասխան մեխանիզմներ: Աղվան Վարդանյանը հավելել է, որ փաթեթը վերաբերելու էր 480 հազար կենսաթոշակառուների եւ 80 հազար նպաստառուների:
Բանախոսը կարեւորել է մեկ այլ նախագիծ եւս, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Առաջարկվում է օրենքով սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում չդադարեցնել կենսաթոշակի վճարումը, եթե համաձայն ՍԷԿՏ համակարգի՝ հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Նախատեսվում էր նաեւ ստեղծել ընդհանուր տեղեկատվական բազա:
Աղվան Վարդանյանն անդրադարձել է նաեւ «Պետական գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությանը, որն առնչվում էր մեկ անձից գնումներ կատարելուն:
Բանախոսը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: