Տպել
07.03.2022
Հայաստանը՝ որպես պատերազմի արհավիրք տեսած երկիր, դեմ է ցանկացած պատերազմի. Հայկ Մամիջանյան
1 / 1

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով լրագրողի հարցադրմանը, խոսել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների եւ այդ հարցում հայկական կողմի արձագանքների մասին:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պատերազմի արհավիրք տեսած երկիր, դեմ է ցանկացած պատերազմին ու զոհերին: Հայկական կողմի արձագանքների մասով պատգամավորը կարծիք է հայտնել, որ հայկական կողմը ցայսօր չի կարողացել  կանխատեսելի դաշնակից եւ գործընկեր լինել տարածաշրջանի ոչ մի երկրի համար:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է նաեւ Սփյուռքում, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրականացվող քայլերին: Նա անընդունելի է համարել Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտով փոխարինելու որոշումը: Պատգամավորն արձանագրել է, որ որեւէ կերպ չի տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավումն Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ նրանց տեղափոխումն ապահովելու գործընթացում: Խմբակցության քարտուղարը նշել է, որ առաջիկայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է հրավիրվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ ներկայացնելու իր գործունեության արդյունքները, որից հետո ինքն առավել առարկայական կանդրադառնա այդ հարցին: