Տպել
10.03.2022
Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների փորձագետները սեմինարներ են անցկացրել Ազգային ժողովի աշխատակազմի համար
1 / 27

Մարտի 9-ին եւ 10-ին Հունաստանի ու Իտալիայի խորհրդարանների փորձագետների խումբը սեմինարներ եւ աշխատաժողով է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների համար:

Քննարկման առանցքում էին խորհրդարանական վերահսկողության եվրոպական փորձին, օրենսդրության մշակմանն առնչվող հարցեր, օրենքների ազդեցության գնահատման մեխանիզմները եվրոպական երկրներում եւ մի շարք այլ հարցեր: ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ին առնչվող հանձնառությունների կատարման խթանմանը միտված այս սեմինարի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների բարելավմանն առնչվող հիմնախնդիրներին:

«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում այս տարի սա արդեն երկրորդ սեմինարների շարքն էր: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին եւ իր նպաստն է բերում Ազգային ժողովի՝ խորհրդարանական առանցքային գործառույթներն առավել արդյունավետ կատարելու գործում:

Հաջորդ աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին, որի ընթացքում հույն եւ իտալացի մասնագետներին կմիանան նաեւ Չեխիայի խորհրդարանի պատգամավորներն ու փորձագետները: