Տպել
14.03.2022
Նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007թ.  նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը:

Արդարադատության փոխնախարարի հավաստմամբ՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձնել Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների ստացումը, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության ստացումը, այդ թվում՝ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի), անվանական արժեքի, քանակի, տեսակի եւ դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների, թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ օրենքի 197-րդ հոդվածի իմաստով հայաստանյան եւ օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների ստացումը:

Օրենսդրական փոփոխությամբ՝ նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար:

Նշվել է նաեւ, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Օրինագծի ուժի մեջ մտնելու առնչությամբ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանն առաջարկել է, որ այն ուժի մեջ մտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Հանձնաժողովականները կողմ են քվեարկել առաջարկին:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: