Տպել
14.03.2022
Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան
1 / 8

ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել առողջապահության ոլորտում հասանելի, որակյալ, արդիական առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտանբերմանը, բուժմանն ու դեղորայքի հասանելիությանը:

2021թ. ծանրաբեռնված է եղել կորոնավիրուսի պատճառով, համակարգն աշխատել է գերծանրաբեռնված՝ մի կողմից սպասարկելով համավարակով հիվանդացածներին, մյուս կողմից՝ այլ հիվանդներին: Պետպատվերի շրջանակում ընդլայնվել է երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթը: 2021թ. մի շարք հիվանդությունների գծով պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 58 անվանումով դեղ, որը տրամադրվել է 199.000 շահառուի: 2020թ. համեմատ՝ շուրջ 200.000-ով ավելացել է դեղորայքի անվճար փաթեթից օգտվող շահառուների թիվը: Հաշվետու տարվանից գործել են «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նոր դրույթները, ինչը քաղաքացիներին օրենքի տված լիազորություններից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ է տվել:

Նախարարն անդրադարձել է հիվանդությունների վաղ հայտնաբերման հարցում իրականացվող քայլերին:

Նշվել է, որ շարունակվում են կապիտալ ներդրումների մասով աշխատանքները. մի շարք մարզային հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում:

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Անահիտ Ավանեսյանը կարեւորել է համապարփակ էլեկտրոնային համակարգի զարգացումը եւ հասանելիությունը քաղաքացիների համար: 2021թ. գործարկվել է ծնունդների եւ մահվան գրանցումների ավտոմատացված համակարգը:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է տարբեր լաբորատորիաներում COVID-19-ի համար նախատեսված թեստերի գնային տատանումներով, Վարդենիսի հիվանդանոցի վերանորոգմամբ՝ նշելով, որ վիճակը մտահոգիչ է:

Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ՊՇՌ թեստերի արժեքը պետք է դիտարկել ժամանակի ընթացքում, քանի որ գները կտրուկ փոխվել են: Նախարարի խոսքով՝ ներմուծման տարբեր գներ կան, գինը ձեւավորվում է ոչ միայն թեստի արժեքը, այլ նաեւ լաբորատոր սարքավորումների, բուժաշխատողների համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումները հաշվի առնելով:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով` մինչեւ 2026թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն: Վարդենիսի հիվանդանոցն այդ ցանկում է եւ առաջիկայում, ըստ առաջնահերթության, ընդգրկվելու է պետական կապիտալ ծախսերի բյուջետավորման մեջ: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Վարդենիսի հիվանդանոցում եւս իրականացվել են ներդրումներ, ինչն օգնել է բարելավել բժշկական ծառայությունների որակը: