Տպել
14.03.2022
Աշխատանքային քննարկում «Գնումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
1 / 14

Մարտի 14-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադիրից, տնտեսվարողներ, իրավաբաններ ու խնդրով շահագրգիռ այլ անձինք:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով քննարկման շարժառիթը, նշել է, որ հանձնաժողովը ստացել է մի շարք նամակներ, որում տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրի, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի ,կամ համարժեքե բառերը:

Իրավաբան Անետա Սարգսյանը, նշել է, որ պատվիրատուները թեեւ հրավերներով ներկայացրած տեխնիկական բնութագրերում նշում են, որ կարող են մասնակցել նաեւ համարժեք ապրանքով, սակայն իրողությունն այլ է: Ըստ նրա` մրցույթներում երբեք համարժեք ապրանքով առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցնել հնարավոր չէ, քանի որ գնահատող հանձնաժողովն ապրանքը գնահատում է հրավերի տեխնիկական բնութագրերով ներկայացված չափորոշիչների բացարձակ նույնականացմամբ: Իրավաբանի գնահատմամբ` այդ դեպքում «համարժեք»-ը ձեւական բնույթ է կրում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, պատասխանելով բարձրաձայնված հարցին, համաձայնել է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքում, իսկապես, կան մի շարք խնդրահարույց դրույթներ, եւ այն փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ունի: Փոխնախարարի խոսքով` այդ փոփոխություններից մեկով առաջարկվելու է պատվիրատուին ներկայացնել կոնկրետ ապրանքի ցանկ: Բերված օրինակի համաձայն` եթե դա հեռախոս է, ապա ներկայացվի դրա ցանկալի մոդելը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջարկել են օրենքի նախագծով ամրագրել, որ պատվիրատուն ապրանքի պահանջարկը ներկայացնի ըստ տեխնիկական, ֆունկցիոնալ հատկանիշների:

Քննարկման մասնակից տնտեսվարողները ներկայացրել են մի շարք այլ խնդիրներ եւս, որին բախվում են:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է տնտեսվարողներին կազմել առաջարկների փաթեթ եւ պատրաստակամություն հայտնել դրանք քննարկելու ու գտնելու խելամիտ լուծումներ: