Տպել
15.03.2022
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին կտրվի անվճար ուսանելու իրավունք
1 / 3

Մարտի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությանբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ  քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության իրավունք տալ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Հիմնական զեկուցող Տիգրան Աբրահամյանն առաջարկել է օրենքի ուժի մեջ մտնելու համար ամրագրել 2023թ. հունվար ամիսը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ գործադիրն ընդհանուր առմամբ փոփոխությանը դեմ չէ, համաձայն է, որ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային զինծառայողներն ու սպաները ստանան անվճար կրթության իրավունք:

Կառավարությունը վերապահումներ ունի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին անվճար կրթություն ստանալու հնարավորության տրամադրման առաջարկի վերաբերյալ եւ հորդորում է գործող օրենքի այդ դրույթը թողնել անփոփոխ` տեղեկացնելով, որ գործող օրենքով վերոնշյալ անձանց պետությունն ընձեռել է մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն այն վերապահումով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն կվերախմբագրվի: