ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ նախարարությունը 2021թ. իր գործունեությունն իրականացրել է` Կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի կառավարման 20 առաջնահերթ ուղղություններին համապատասխան:
Կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», համաձայն որի` Հայաստանը պարտավորվում է մինչեւ 2030թ. ավելացնել անտառածածկը` Հայաստանի տարածքի 12.9 տոկոսի չափով, ինչպես նաեւ նվազեցնել ջերմոցային գազերը 40 տոկոսով` 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ:
2021թ. մեկնարկել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող ԵՄ-ը Սեւանի համար (,EU4Sevanե) Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 մլն եվրո է: Ծրագիրը միտված է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի էկոհամակարգը, մշտադիտարկումն ու կառավարումը: Շուրջ 132 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ 2021թ. 4,18 հա տարածքի վրա իրականացվել են Սեւանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ:
Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ նախարարության իրականացրած մյուս աշխատանքները: