Տպել
01.04.2022
Արտահերթ նիստի օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումն է
1 / 3

Ապրիլի 1-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է:

Մինչ օրակարգային հարցը քննարկելը` պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան, ով ասորական համայնքի ներկայացուցիչ է, շնորհավորել է ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, առողջություն եւ բարօրություն: Պատգամավորները միացել են շնորհավորանքին:

Ներկայացնելով օրենսդրական առաջարկը` օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը նշել է, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո որոշ խոշորացված համայնքներում ՏԻՄ կառավարումը խաթարված է, ինչով էլ պայմանավորված է նախագծի ընդունման հրատապությունը: Պատգամավորը պարզաբանել է, որ, օրինակ` դատարանի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավար ընտրելու նիստը տեւական ժամանակ է չի կայանում, ինչի հետեւանքով նորընտիր ավագանին նիստ չի կարողանում գումարել:

Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար` մինչեւ օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Կառավարությունը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները տեսակետ են հայտնել, որ այսօր պետք է քննարկվեին մեր երկրի անվտանգային խնդիրները, ոչ թե` ՏԻՄ օրենսդրության փոփոխությունները:

Անդրադառնալով հնչած մտահոգություններին` օրինագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ամենամեծ վտանգը, որը կարող է առաջանալ երկրի ներսում եւ արտաքին մարտահրավերներ ստեղծել, իշխանության վակումը կարող է լինել: «Այս խնդիրը չի առաջանալու այն դեպքերում, երբ խոշորացված համամասնական կարգով ձեւավորված համայնքներ ունենանք»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով` նախաձեռնությունը պետության ներքին անվտանգությունն ուժեղացնելու եւ չնախատեսված դեպքերում լուծում գտնելու համար է:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների այն մտահոգություններին, թե ՏԻՄ օրենսդրությանը վերաբերող հարցն օրակարգային չէ` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ անվտանգության հարցը, քանի դեռ լուծված չէ, լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 4 դեմ ձայնով ընդունել է քննարկված օրինագիծը:

Քվեարկությանը չի մասնակցել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կազմակերպվել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
 
Նախաձեռնության համահեղինակ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական փոփոխություններ: Չեն ընդունվել «Հայաստան» խմբակցության առաջարկները:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: