Տպել
04.04.2022
Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին կձեւավորվի տեղեկատվական բազա
1 / 3

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է Կառավարության ներկայացուցիչն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում՝ ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը քննարկելու ժամանակ:

Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման եւ վերադարձման նպատակով յուրաքանչյուր կողմ ապահովելու է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ պահպանությունը:

Այդ բազայում պետք է ներառված լինեն նաեւ տեղեկություններ հաշվառումից հանված, պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին:

Առաջարկվող փոփոխություններով կակտիվանա իրավասու մարմինների միջեւ փոխգործակցությունը: Կողմերից որեւէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին:

Փոփոխություններով սահմանվում են նաեւ տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ՝ հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:

Նշենք, որ տվյալ արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: