Տպել
05.04.2022
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյան
1 / 17

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

Փոխադարձ շնորհավորանքներ են հնչել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կարեւորություն:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջեւ փոխվստահության, շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր ուղղություններից:

Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձեւաչափերի շուրջ եւս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարեւոր գործոններից է:

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաեւ միջազգային հումանիտար կառույցների անհապաղ եւ անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Գործընկերները մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:

Ընդլայնված նիստից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում, այնուհետեւ եղեւնի տնկել ԱԺ բակում:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է հանդիպում նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...