Տպել
12.04.2022
ԱՊՀ մասնակից պետությունները համատեղ կպայքարեն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ
1 / 1

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններից որեւէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում համապատասխան կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին:

Ազգային ժողովն ապրիլի 12-ին քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը»: Այն ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Կառավարության ներկայացուցչի խոսքով` փաստաթղթին միանալը բարենպաստ պայմաններ կստեղծի հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կակտիվանա իրավասու մարմինների միջեւ փոխգործակցությունը:

«Արձանագրությանը միանալը նպատակահարմար է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից»,- ընդգծել է զեկուցողը:

Գլխադասային` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արձանագրության վավերացմանը: Այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը: