Տպել
13.04.2022
Առաջանցիկ տեմպերով նոր աշխատատեղեր են ստեղծվել, ավելացել է միջին աշխատավարձը. Գեւորգ Պապոյան
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ նախ դիտարկումներ է ներկայացրել ՀՀ վարչապետի ելույթում հնչած որոշ տեսակետների վերաբերյալ, ապա անդրադարձել 2021թ. Կառավարության ծրագրի կատարման ֆինանսական ու տնտեսական հատվածին, իշխանությունների հասցեին հնչած որոշ մեղադրանքներին:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտները 2021թ. 12 տոկոսով աճել են 2020թ. եւ 36 տոկոսով՝ 2017թ. դեկտեմբերի 31-ին արձանագրված ցուցանիշի համեմատ:

Անդրադառնալով ծախսային ուղղություններին՝ նա նշել է, որ 2021թ. ծախսերի 100 տոկոսանոց կատարողական է եղել: Խոսելով մի քանի ուղղություններով ավելացումների մասին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվել է ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ տոկոսի աճ:

Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ներդրումների իրականացմանը՝ նշելով, որ 2022թ. պետական բյուջեով 2021թ. համեմատ կապիտալ ծախսերի մակարդակն ավելացել է 60 տոկոսով: «Որ կարողանանք հետագա տարիներին ոչ միայն բարձրացնել նպաստները, աշխատավարձերն ու թոշակները, այլեւ ստեղծել կայուն հիմք, որը հնարավորություն կտա դրանց բարձրացումը պահպանել եւ շարունակաբար աճի մակարդակը պահել»,- ասել է նա:

«Աշխատավարձի ֆոնդը շատ ավելի առաջանցիկ տեմպով է ավելացել, քան միջին աշխատավարձը, ինչը նշանակում է, որ զուգահեռաբար նոր աշխատատեղեր են ստեղծվել: Առաջանցիկ տեմպերով նոր աշխատատեղեր են ստեղծվել, մարդկանց միջին աշխատավարձն է ավելացել»,-ներկայացնելով միջին տարեկան աշխատավարձի ցուցանիշները եւ խոսելով նվազագույն սպառողական զամբյուղի համադրելիության մասին՝ նշել է պատգամավորը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2017-ից 2018թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում ավանդներն ավելացել են 56 տոկոսով, ընդ որում՝ ռեզիդենտների ավանդներն ավելացել են 52 տոկոսով:

«ՀՀ քաղաքացիների ավանդները հեղափոխությունից հետո ավելացել են 52 տոկոսով եւ դարձել 3,2 տրիլիոն դրամ՝ նախկին 2,1 տրիլիոն դրամի համեմատ: Կարծում եմ՝ սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է նա:

Գնաճին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված: