Տպել
13.04.2022
Կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը. Տիգրան Խաչատրյան
1 / 1

2020թ. 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների  չեզոքացման, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու անհրաժեշտությունը բարդ մարտահրավերներ էին ստեղծել Կառավարության 2021թ. մակրոտնտեսական, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար. ապրիլի 13-ին Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մակրոտնտեսական կայունության վերականգնումը, պետական եկամուտների ավելացումը,  ծրագրված ծախսերի կատարումը եւ պարտքի կառավարման հուսալիությունն այն անհրաժեշտ նախադրյալներն էին, որոնք մեր տնտեսության մասնավոր հատվածին եւ միջազգային ֆինանսական եւ ներդրումային կառույցներին պետք է վստահեցնեին Հայաստանում տնտեսական հիմքերի կայունացման հարցում:  Այժմ կարող ենք փաստել, որ Կառավարության 2021թ. տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունները տվել են ծրագրված արդյունքները եւ ապահովել են նշված խնդիրների լուծումը»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ տարեկան տնտեսական աճը ծրագրված 3,2 տոկոսի փոխարեն կազմել է 5,7 տոկոս: Պետական բյուջեի հարկային եկամուտների նախապես հաստատված ցուցանիշները գերազանցվել են 147 միլիարդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 586,9 միլիարդ դրամ: Դրանք համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն են:

«2021թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 4 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝  1 տրիլիոն 786,5  միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 217,8 միլիարդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով ծախսային պարտավորությունները  կատարվել են բյուջեով նախատեսված ամբողջ ծավալով, իսկ կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ պլանայինի նկատմամբ կազմելով 100, իսկ ճշտված պլանի նկատմամբ՝ 92,3 տոկոս»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նա հայտնել է, որ տարվա փաստացի արդյունքներով Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 209,8 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 60,3 տոկոսը, որը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է, քան այն նախնական գնահատականը, որը եղել է տարեսկզբին: