Տպել
21.04.2022
Քրեական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան բեռնաթափել դատարանները. Արդարադատության փոխնախարար
1 / 1

2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը: Այդ պահից ուժը կորցրած է ճանաչվում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ մինչեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման ՀՀ նոր քրեական օրենսգրքին:

Նշվել է, որ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող պետք է համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը ՀՀ քրեական օրենսգրքով վերացվել է, ինչպես նաեւ պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը ՀՀ քրեական օրենսգրքով ամբողջովին վերացվել է:

Հիմնական եւ լրացուցիչ պատիժներից առաջարկվում է ազատել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:

Առաջարկվում է նաեւ գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչեւ 2022թ. հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

Արդարադատության փոխնախարարի հավաստմամբ` առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան նաեւ բեռնաթափել դատարանները:

Հարակից ելույթում Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ հիմնական զեկուցողի հետ պայմանավորվել են առաջին ընթերցումից հետո անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնց լուծումը հնարավորություն կտա բարեփոխել նախագիծը, եւ կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

Նշենք, որ օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում: