Տպել
21.04.2022
Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է. Վլադիմիր Վարդանյան
1 / 3

Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից:

ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են արեւելագետներ, լրագրողներ, փաստաբաններ, գործարարներ: Պատվիրակությունը գլխավորել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ երկու պետությունների բարեկամական կապերն առավել քան երկդարյա պատմություն ունեն, եւ Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է: Նա ընդգծել է, որ Խուան Պաբլո Գեչիջյանն ու նրա ղեկավարած ընկերությունը կամուրջ են երկու ժողովուրդների միջեւ:

Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ այցի նպատակն է խորացնել մշակույթի եւ պատմության ճանաչելիությունը:

«Մեծ համակրանք  ունեմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, հետաքրքրված եմ հայկական հարցով: Մենք այստեղ ենք ապրիլի 24-ին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- ասել է լրագրող-փաստաբան Կարլոս Մասլատոնը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանը, բարեկամական խմբերի համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: