Տպել
26.04.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում
1 / 3

Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում, որի ընդունումը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ:

Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն առաջարկվում է չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն, եւ անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում:

Օրենքի նախագծով գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է նախագծի համապատասխան հոդվածի 2-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման», իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը` «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով: Առաջարկությունը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից, որի համաձայն` 2023թ. փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: Ըստ այդմ` «բժշկասոցիալական փորձաքննություն» եզրույթն անհրաժեշտ է փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում» եզրույթով:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այս առնչությամբ գործադիրն առաջարկել է «օրվանից» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023թ. փետրվարի 1-ից» բառերով:

Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

Հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...