Տպել
26.04.2022
Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր
1 / 3

Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրի կողմից ներկայացվել են հիմնականում խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք վերաբերում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների  համապատասխանեցմանը: Առաջարկվող փոփոխությամբ որոշակի ճկունություն կապահովվի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:

Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվել է, թե այն համայնքներում, որտեղ մեծամասամբ ապրում են ազգային փոքրամասնություններ, արդյո՞ք կիրառում են իրենց մայրենի լեզուն` համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:

«Մենք չունենք նման իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով նախադպրոցական կրթություն իրականացվի, բայց օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: Մենք պատրաստակամ ենք համայնքների հետ համագործակցելով իրականացնել այդ հնարավորությունները»,- պատասխանել է Ժաննա Անդրեասյանը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: