Տպել
26.05.2022
Հարցի լուծման բանալին ներքին համախմբումն է եւ հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքը. Վլադիմիր Վարդանյան
1 / 6

Մայիսի 26-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները, որին մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Անդրադարձ է եղել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ հայտարարության մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատել է, որ դեռեւս միայն հայտարարություն է հնչել: Նրա խոսքով՝ երբ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ նախագիծը մուտք կարվի Ազգային ժողով, այդ ժամանակ խմբակցությունը նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի: Պատգամավորն անընդունելի է համարել այս օրերին ընդդիմության հռետորաբանությունը եւ օգտագործվող բառամթերքը:

Ծովինար Վարդանյանի գնահատմամբ՝ կամակորության եւ կամայականության լեզվով չի կարելի խոսել իշխող կուսակցության քաղաքական թիմի հետ՝ ասելով, որ միայն իրենց օրակարգով կգան: «Գոյություն ունեն օրակարգեր, որոնք այսօր երկրի համար կարեւոր են, այդ օրակարգերով Ազգային ժողովն առաջ է շարժվում եւ, այո՛, զուգահեռ իրականությունից պետք է վերադառնալ իրականություն եւ գալ այստեղ»,- ընդգծել է ՔՊ ներկայացուցիչը:

Վլադիմիր Վարդանյանն էլ կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմությանն անհրաժեշտ է վերադառնալ Ազգային ժողով, քանի որ ՀՀ քաղաքացիներն են լիազորել պատգամավորներին իրականացնելու իրենց գործունեությունը: «Կվերադառնան` շատ լավ, չեն վերադառնա, թող ընտրողն իմանա, թե ում հետ գործ ունի»,- ասել է նա եւ հիշեցրել, որ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահը, ով ի պաշտոնե կոչված է ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, չի կատարում իր պարտականությունները:  Երեք կարեւորագույն հանձնաժողով նախագահում են ընդդիմադիր գործընկերները:

«Եթե ուզում ենք հարց լուծել, ապա հարցը լուծելու բանալին ներքին համախմբումն է եւ երկրից դուրս տարբեր ատյաններում հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքը, որ կարողանանք, իրոք, ունենալ միջազգային հանրության այնպիսի ընկալում, որը լինի առավել քան պրոհայկական: Այն, ինչ այսօր է իրականացվում, ցավոք, ավելի ու ավելի է թուլացնում այդ դիրքերը»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:

ՔՊ ներկայացուցիչը հռետորական հարց է հնչեցրել. «Արտասահմանում վարչապետի այցերն ուղեկցվում են փոքրիկ պիկետներով, որտեղ քննադատություն է հնչում: Այդ նույն բանը մի անգամ Էրդողանի կամ Ալիեւի այցի ժամանակ կազմակերպե՞լ եք»:

Լրագրողը հետաքրքրվել է ԶԼՄ օրենքում կատարված վերջին փոփոխություններով՝ նշելով, որ աշխատանքային գոտում խախտումներին վերաբերող խնդիրները կարգավորվում են այլ օրենքներով:

Նախաձեռնության համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ խախտումների վերաբերյալ նախազգուշացում տրվել է նաեւ մինչ այս օրենսդրական փոփոխությունը եւ ոչ թե քաղաքական մարմինների, այլ ԱԺ աշխատակազմի կողմից: Այսինքն՝ անկախ քաղաքական ուժերի ներկայացվածությունից՝ աշխատակազմը կատարում է իր լիազորությունները:  Պատգամավորի կարծիքով՝ խոսքը հավատարմագրման կարգում ամրագրված՝ պետական մարմնում աշխատանքային գոտու կանոնների մասին է, որոնց լրագրողները ծանոթ են: Արթուր Հովհաննիսյանը բացառել է հայեցողությամբ լրագրողի հավատարմագրման դադարեցումը: «Մենք խոսում ենք աշխատանքային կանոնների պահպանման մասին»,- եզրափակել է նա:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...