Տպել
01.06.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության նախնական քննարկումները
1 / 4

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 22 ծրագիր՝ 130 միջոցառումներով: Ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 131 միջոցառում: Դրանց իրականացման համար փաստացի ծախսվել է 201 մլրդ  372 մլն դրամ, կատարողականը կազմել է 93,8 տոկոս: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ի ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Նիստը վարել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի կատարողականները:

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թ. իրականացրել է  մեկ ծրագիր՝ 12 միջոցառումով: Նախապես ծրագրված է եղել իրականացնել 14 միջոցառում:

Ծախսվել է 27 մլրդ 853 մլն դրամ, կատարողականը կազմել է 97 տոկոս:

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 14 ծրագիր՝ 71  միջոցառումով: Փաստացի ծախսվել է 43 մլրդ  390 մլն դրամ,  կատարողականը կազմել է մոտ  95 տոկոս:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 5 ծրագիր՝ 14 միջոցառումով: Փաստացի ծախսվել է 6 մլրդ 612 մլն դրամ: Կատարողականը եղել է 92,3 տոկոս:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքների կատարողականը կազմել է 97,7 տոկոս: 1 ծրագրի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է 4 միջոցառում. դրանց իրականացման համար փաստացի օգտագործվել է 833,7 մլն դրամ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր՝ 2 միջոցառումով: Փաստացի օգտագործվել է 529,7 մլն դրամ, կատարողականը 98,5 տոկոս է:

1 ծրագիր՝ 4 միջոցառումով էլ իրականացրել է Կադաստրի կոմիտեն: Կատարողականը կազմել է 94,6 տոկոս, ծախսվել է 3 մլրդ 964,8 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեն իրականացրել է 2 ծրագիր՝ 10 միջոցառումով: Ծախսվել է 1 մլրդ 238 մլն դրամ, կատարողականը եղել է 93,7 տոկոս: